Դիլիջան

Дилижан

Դիլիջան – քաղաք Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 36 կմ հարավ-արևմուտք, Աղստև գետի ափին։ Հեռավորությունը Երևանից՝ 99 կմ։ Քաղաքի հիմնադրման թվականը անհայտ է։ Մինչ 20-րդ դարի սկիզբը քաղաքը հայտնի էր Դելիջան անունով, ինչի մասին վկայում են բազմաթիվ ժամանակի քարտեզներ։ Առաջին անգամ Դիլիջանի մասին հիշատակություն է թողել 1666 թվականին ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը՝ Հայաստանի կատարած այցելության ընթացքում։ 1826 թվականին Դելիջան անվան տակ հիշատակվում է որպես Ղազախի «դիստանցիայի» 72 գյուղերից մեկը, որն ուներ 60 տուն։ Այդ թվականին գեներալ Մադաթովը գրում է Ղազախի կառավարիչ Օրբելիանիին Դիլիջանի բնակչության անվտանգությունն ապահովելու անհրաժեշտոթյան մասին։ Քաղաքը հիշատակում է Ալեքսանդր Գրիբոեդովը, ով 1829 թվականի փետրվարի 2-ին Երևանի ճանապարհին գիշերել է Դիլիջանում։ 1844 թվականին Դիլիջանի հարևանությամբ դեպի տարածաշրջան արտաքսված ռուս հնապաշտների կողմից հիմնադրվում է Գոլովինո ու Պապանինո գյուղերը, որոնք 20 դարի ընթացքում միացվում են քաղաքին՝ կազմելով դրա թաղամասերը։ Գոլովինոն Երևանից եկող մայրուղու Դիլիջանի ներկայիս սկզբնամասի հատվածն է, իսկ Պապանինոն Աղստևից դեպի Վանաձոր տանող մայրուղու հատվածը՝ մինչ քաղաքի վերջը։ Բուն Դիլիջանը զբաղեցնում էր Աղստևից դեպի արևելք՝ Երևանի մայրուղուց դեպի ձախ ընկած շրջանը։Որպես առողջարան, քաղաքին 1958 թվականին տրվել է հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ։ 1996 թվականից, որպես վարչական միավոր մտնում է Տավուշի մարզի մեջ։

Դիլիջանի տարածքում կան 2 տասնյակ հանքային աղբյուրներ, որոնք ունեն երկաթ-հիդրոկարբոնատա-քլորիդ-նատրիումակալցիումական բաղադրություն։ Աղբյուրներից երկուսը շշալցվում են։ Քաղաքի բնապատկերին առանձին հմայք է հաղորդում Աղստև գետն իր վտակներով։ Հայաստանում առաջին առողջարանը բժիշկ Գրիգոր Սաղիանի զգալի ներդրուման շնորհիվ հիմնադրվել է Դիլիջանում 1921 թվականին։ Ներկայումս քաղաքում գործում են շուրջ 3 տասնյակ առողջարաններ և հանգստյան տներ, 5 դպրոցներ, 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ և բուհերի 2 մասնաճյուղեր։ Քաղաքն ունի 3 թանգարան, գրադարանային համակարգ, գեղարվեստի և երաժշտական դպրոցներ։ Քաղաքը զբոսաշրջային և բարեկամական կապեր ունի Լյուքսեմբուրգի Պետանջ, Իտալիայի Ուդինե, Անգլիայի Ուինքոմբ, Ֆրանսիայի միջերկրածովյան հայտնի զբոսաշրջային կենտրոններ Մարսել, էքս-Պրովանս և Սեն Մաքսիմ քաղաքների հետ։

Իրականացվում է քաղաքը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու կառավարության ծրագիրը։

2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Դիլիջանն ընդգրկել է Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում (GNLC):


Տեսարժան վայրեր

Монастырь Агарцин

Հաղարծին վանքային համալիր

Հաղարծին, հայկական վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Առասպելը պատմում է, որ վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ):Այտեղից ել առաջացել է Հաղարծին բառը: Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին: Ծաղկում է ապրել 12-րդ դարի վերջին 13-րդ դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) 13-րդ դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։ Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր: Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն:

Սուրբ Գրիգոր եկեղեցի

Ամենավաղը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (մոտ X դար), որն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև (չորս անկյունների ավանդատներից արևելյաններն առանձնացված չեն աղոթասրահից) հատակագծով գմբեթավոր կառույց է։ Գմբեթային փոխանցումն իրականացված է սաղր տրոմպներով։ Դեկորատիվ միակ տարրը խիստ հողմահարված անկյունային որմնախոյակներն են՝ պարզ բեկվածքներով և ականթի տերևների արխաիկ նկարվածքի շարքով։ Եկեղեցուն արևմուտքից կից է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով գավիթը (XII դարի վերջ), որի անկյունային միահարթ առաստաղներին բարձրաքանդակներ են (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ ևն, նաև արձանագրություններ)։ Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբարանների մնացորդներ։ Սուրբ Գրիգոր եկեղեցուն հյուսիսից կից է թաղածածկ մատուռ (XIII դար), իսկ դեպի արևելք շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին (1244)։

Սուրբ Աստվածածին եկեղեցի

Համալիրի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ տիպի է։ Ըստ հարավային մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցվել է 1281-ին, սակայն հարավային և հյուսիսային պատերի ստորին մասի վերաշարվածքը, արևելյան ճակատի բարձրաքանդակում պատկերված եկեղեցու մանրակերտի տարբերվելը ներկայիս կառույցից և, ենթադրել են տալիս, որ 1281-ին կառույցը որոշ փոփոխություններով վերականգնվել է՝ հիմնարկված լինելով հավանաբար X-XI դդ․: Ճակատները (բացառությամբ արևմտյանի) ունեն հայկական խորշեր։ Բարձր, բոլորակ թմբուկը պարուրված է դեկորատիվ խորաններով։ Մուտքերը, լուսամուտներն ու որմերը չափավոր զարդարված են պարզ բեկվածքավոր քիվագոտիներով, խաչերով ևն։ Արևմտյան ճակատի դիմաց ավերված շինության (հավանաբար նախորդ կառույցի գավիթը) մնացորդներ են։

Սեղանատուն

Հուշարձանախմբի արևմտյան մասում սեղանատունն է (ըստ հարավարևմտյան մուտքի շրջակալի արձանագրության՝ կառուցվել է 1248-ին, ճարտարապետի անունը՝ Մինաս, ներսում, արևմտյան երդիկի հյուսիսարևելյան անկյունում է), Հայաստանում նմանօրինակ երկու կառույցներից մեկը (մյուսը Հաղպատում է)։ Այն ուղղանկյուն դահլիճ է (21, 6 x 9, 5 մ)՝ մեկ զույգ սյունով բաժանված երկու հավասար երդիկավոր մասերի, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով։ Ներսում միակ հարդարանքը շթաքարեզարդ երդիկներն են, արտաքուստ՝ հարավարևմտյան մուտքի շրջակալը (հարավային ճակատի երկու լուսամուտը հետագայում են բացվել)։ Հաղարծինի սեղանատունն իր կառուցվածքային հնարքով և գեղարվեստով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է։ Դեպի արևելք այլ շինությունների (հավանաբար խոհանոց, հացատուն ևն) մնացորդներ են։


МОНАСТЫРЬ ГОШАВАНК Гошава́нк (арм. Գոշավանք), Нор Гети́к ...

Գոշավանք

Գոշավանք, Նոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին: Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից: 1188 թվականին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը: Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Այստեղ են սովորել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։ Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահվանից (1213) հետո նրա անվամբ կոչվել Գոշավանք:

Ըստ 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝ վանքի առաջին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ «հրաշագեղ» փայտակերտ եկեղեցու օծմանը Հաղարծինի վանահայր Խաչատուր Տարոնացին Գոշավանքին նվիրել է երկու գյուղ և այգի:

1237–1241 թվականներին, գավթի հարավային պատին գրեթե կից, ամիրսպասալար Ավագ Զաքարյանի կառավարիչ Գրիգոր Տղա իշխանը կառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչ միանավ թաղածածկ եկեղեցին, որին իր հարդարանքի արտակարգ ճոխության և նրբագեղության համար Կիրակոս Գանձակեցին անվանել է «զարմանակերտ»: Եկեղեցին, թեև փոքրաչափ, առանձնանում է Գոշավանքի ողջ համալիրում, և նրա հարդարանքը հայկական միջնադարյան դեկորատիվ արվեստի ամենատպավորիչ ստեղծագործություններից է: Վանահայր Մարտիրոսի օրոք (մինչև 1241 թվականը) գավթից հյուսիս, նրան կամարակապ միջանցքով հաղորդակից, կոպտատաշ խոշոր քարերով կառուցվել են վանքի փայտածածկ գրատունը և նրան արևմուտքից կից ժամատունը: 1254 թվականին, Մխիթար Գոշի դամբարանի մոտ, Խաչատուր վարդապետը և Բարսեղը կառուցել են խորանարդաձև ծավալով, գմբեթավոր Ս. Գևորգ եկեղեցին:

Գոշավանքը 13-րդ դարում եղել է Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոն: Այդտեղ գործել է բարձրակարգ ուսումնական հաստատություն, որը պատմական աղբյուրներում անվանվել է վարժապետարան, համալսարան, ճեմարան: Գոշավանքի վարդապետարանում դասավանդել են հայոց և օտար լեզուներ (հունարեն, լատիներեն), քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն: Այստեղ կրթվել և գործել են Կիրակոս Գանձակեցին և Վանական Վարդապետը, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի վարժապետարանի ավանդները: Գոշավանքում ընդօրինակվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք պահվել են վանքի գրատանը: Գոշավանքի համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում խաչքարերը, որոնց շարքում առանձնանում են վարպետ Պողոսի կերտած, ասեղնագործ նրբությամբ քանդակված զույգ խաչքարերը՝ դրված Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու արևմտյան ճակատի առջև, մուտքի երկու կողմերում (հարավային խաչքարը 1935 թվականին տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան): Հյուսիսային կողմի՝ տեղում մնացած խաչքարը, ըստ արձանագրության, 1291 թվականին կանգնեցրել է Սարգիս վարդապետը: 13-րդ դարի վերջին Դասապետ վարդապետը և իր մորեղբայր Իգնատիոսը նորոգել են Ս. Աստվածածին եկեղեցին, պարըսպապատել, այգի տնկել, որի բերքի մի մասը հատկացվել է վանքի հյուրանոցին:

14–16-րդ դարերում Գոշավանքում վանական կյանքն անկում է ապրել և վերստին աշխուժացել 17-րդ դարում: 19-րդ դարի վերջին վանքը դադարել է գործել:

1890-ական թվականներին Սմբատ Փարսադանյանը նորոգել է Մխիթար Գոշի կառուցած Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցին: 1937 թվականին նորոգվել է Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթը, 1939 թվականին՝ Ս. Գրիգոր եկեղեցին, 1957–1966 թվականներին՝ Ս. Գևորգ և Ս. Աստվածածին եկեղեցիներն ու գավիթը: 1958 թվականին Մխիթար Գոշի դամբարանի մոտ նրան նվիրված հուշակոթող է կանգնեցվել, 1972 թվականին բացվել է Գոշավանքի թանգարանը, 1978 թվականին՝ բարեկարգվել վանքի տարածքը:


Դիլիջանի միջազգային դպրոց, միջազգային համագործակցությամբ անգլիական միջին դպրոց և դպրոց-պանսիոն, Cambridge IGCSE և IB Diploma ակադեմիական ծրագրերով, Արևմուտքի և Արևելքի սահմանագծին՝ Դիլիջանում, Հայաստան։ Երևանից և Թբիլիսիից 1,5 ժամվա հեռավորության վրա, զբաղեցնում է ավելի քան 88 հեկտար հողատարածք, մասամբ Դիլիջանի ազգային պարկի ներսում։

Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծի հիմնադիրներ են ռուսաստանաբնակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը՝ տիկնոջ հետ։ Դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներն են կրթության ոլորտի և բիզնեսի ականավոր ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից։

Դիլիջան միջազգային դպրոցը հանդիսանում է ոչ կոմերիցիոն նախագիծ, որը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում։ Այս նախագծի առաքելությունն է՝

  • Եվրոպայի և Ասիայի խաչմերուկին հիմնել ժամանակակից միջազգային դպրոց,
  • Միջազգային որակյալ կրթությունը դարձնել հասանելի երիտասարդների համար՝ անկախ ազգությունից և նրանց ծնողների ֆինանսական հնարավորություններից,
  • Սովորողներին տրամադրել բազմակողմանի կրթություն, որը կապահովի նոր հնարավորություններ նրանց համար,
  • Նախապատրաստել սովորողներին ընդունվելու համար աշխարհի լավագույն բուհեր
  • Ուսուցիչների և սովորողների միջև հաստատել լիարժեք երկխոսություն,
  • Սովորողների մեջ սերմանել մշտական ինքնակատարելագործման գիտակցում և ձգտում։

Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնական նպատակներն են՝

  • ՀՀ կրթական համակարգի համար որակապես նոր կողմնորոշիչների սահմանումը,
  • Տարածաշրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումը,
  • Դիլիջանի բնապահպանական կայուն զարգացումը,
  • Դիլիջանի ենթակառուցվածքների վերանորոգմանը խթանելը և դրա հետագա զարգացմանը նպաստելը։

Տվյալ նախագծի հիմնական նպատակներին հասնելու համար սահմանվել են մարտավարական և ռազմավարական նպատակներ։

Դիլիջանի միջազգային դպրոցի ռազմավարական խնդիրներն են՝

  • Դիլիջան քաղաքի նոր գլխավոր հատակագծի և զարգացման հայեցակարգի մշակումը և հաստատումը՝ հաշվի առնելով քաղաքի նոր կարգավիճակը և ֆունկցիոնալ հնարավորությունները (միջազգային դպրոց, ԿԲ-ի շենքերի համալիր, հանգստյան գոտի),
  • Նոր ներդրողների ներգրավումը Դիլիջան,
  • Միջազգային ֆինանսավարկային կազմակերպությունների ներգրավումը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման նախագծերին մասնակցելու համար։