Գյումրի
Գյումրի – Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է, գտնվում է Երևանից 126 կիլոմետր հեռավորության վրա՝ Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 1550 մետր բարձրություն ունեցող հարթավայրում, Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի ձախ ափին: Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից, ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թվականներին՝ Լենինական, 1990-1991 թվականներին Կումայրի, 1992 թվականից Գյումրի:
Յուրաքանչյուր տարի օգոստոսի 25-ին նշվում է Գյումրու օրը: Այն կրում է «Գյումրու օր»-ը՝ խորագիրը: Ամեն տարի այդ օրը կազմակերպում են տարրաբնույթ ճանաչողական ու ժամանցային միջոցառումներ, ինչպես հայերին, այնպես էլ օտարազգիներին,ծանոթացնելու քաղաքի պատմության ու մշակույթի հետ:
Գյումրու օդը կազդուրիչ է ու առողջարար, բուսականությունը տափաստանային է, գետահովիտներում աճում են ակացիա, թխկենի, հացենի և այլ ծառատեսակներ։
Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 7°C է, հունվարինը՝ -8°C (նվազագույնը՝ -35°C), հուլիսինը՝ 20°C (առավելագույնը՝ 34°C)։
Գյումրիի հնագույն եկեղեցիներն են` «Յոթ վերք», «Սուրբ նշան», «Ամենափրկիչ»:
ՀԱՅՏՆԻ ԳՅՈւՄՐԵՑԻՆԵՐ
ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ (1930-1993)
Մհեր Մուշեղի Մկրտչյան, հայնտի նաև որպես Ֆրունզիկ Մկրտչյան, նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու։
ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ (1928-1975)
Մինաս Կարապետի Ավետիսյան, հայ նշանավոր գեղանկարիչ։ 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ (1915-1984)
Հովհաննես Շիրազ (Օնիկ Թադևոսի Կարապետյան), հայ մեծանուն բանաստեղծ։ Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975, «Համամարդկային» բանաստեղծությունների ժողովածուի համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1935):
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ (1875-1957)
Ավետիք Սահակի Իսահակյան, հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական- հասարակական գործիչ, հրապարակախոս։ Հայաստանի ԳԱ ակադեմիկոս (1943)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1946): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1935 թվականից։
ԱՐՄԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆ (1879-1950)
Արմեն Տիգրանյան, կոմպոզիտոր, խմբավար, ՀԽՍՀ և ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայկական ազգային օպերայի հիմնադիրն է։ Նրա առավել հայտնի գործերն են «Անուշ» (1912 թվական) և «Դավիթ-Բեկ» (1950 թվական) օպերաները։
ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆ (1905-1977)
Վարդան Աճեմյան, հայ անվանի թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1975), Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1951)։
ԱՇՈՒՂ ՋԻՎԱՆԻ (1846-1909)
Ջիվանին աշուղական արվեստի ազգային դպրոցի հիմնադիրն է։ Նրա ստեղծագործություններից մինչ օրս պահպանվել են մոտ 800 երգեր։ Նա իր խմբի հետ շատ է հյուրախաղերով հանդես եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանի ու Ռուսաստանի քաղաքներում։